Մինչ այս պահը պաշտոնը թափուր է. Ավանեսյանը` «իր ընկերուհուն» փոխնախարար նշանակելու մասին

Վարչապետի գլխավորությամբ կայացել է խորհրդակցությունն Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծի մասին (10 հունվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Անահիտ Ավանեսյանը նշում է, որ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարը, որի անունը շրջանառվում է որպես փոխնախարար, նախարարության հնաբնակներից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է լուրերը, թե արդեն իսկ կանխորոշված է` ով է փոխարինելու աշխատանքից ազատման դիմում գրած փոխնախարար Գևորգ Սիմոնյանին։
Հայտնել էինք, որ փոխնախարար Գևորգ Սիմոնյանի՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։

«Վարդուհի Գրիգորյանն առողջապահության նախարարությունում աշխատում է երկար տարիներ, և նա երկար ճանապարհ է անցել` առաջատար մասնագետ է եղել, իսկ հիմա նախարարության գլխավոր քարտուղարն է։ Ես ունեմ շատ լավ գործընկերային հարաբերություններ իմ բոլոր տեղակալների և մեր աշխատակիցների հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` մինչ այս պահն առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է, և նախարարը պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ և քննարկումներ ունենալ, որից հետո էլ կորոշի` ով կստանձնի այդ պաշտոնը։