ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կիևը սաբոտաժի է ենթարկում «Մինսկ-2»-ի կատարումը, բանակցությունները երեկ անարդյունք են եղել, հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
Նա նշել է, որ «նորմանդական ձևաչափի» չորս մասնակիցներից երեքը պատրաստ չեն կատարել Մինսկի համաձայնագրերը: Իսկ Ուկրաինայի հակամարտության կարգավորումն այժմ զրոյական մակարդակի վրա է՝ 2015 թվականի մակարդակին։
«Բացարձակ աբսուրդ իրավիճակ է, որը ցույց է տալիս, որ համաձայնագրի ստորագրման պահից ի վեր անցած բոլոր յոթ տարիները լիակատար բլեֆ են եղել»,-լրագրողներին ասել է Կոզակը:
«Երեկ պարզապես նշանակալի հանդիպում կայացավ նորմանդական ձևաչափով, որը, ինչպես ես հայտարարել եմ, ավարտվեց առանց արդյունքի։ Բայց բացասական արդյունքը նույնպես արդյունք է. լիակատար պարզություն ի հայտ եկավ այն բանի վերաբերյալ, թե ինչ արժեն տարբեր քաղաքական գործիչների և նորմանդական ձևաչափով գործընկերների բոլոր հայտարարությունները և Մինսկի համաձայնություններին նրանց հավատարմությունը»,-հավելել է նա:
ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան մանիպուլյացիայի է ենթարկում Գերմանիային ու Ֆրանսիային, իսկ վերջիններս հաճույքով են ենթարկվում այդ մանիպուլյացիաներին ու ամեն գնով աջակցում են անհեթեթ գաղափարներին:
«Փորձում են դուրս պրծնել, որպեսզի չկատարեն իրենց պարտավորությունները»,-ասել է Կոզակը:
Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն են սկսել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների դեմ, որոնք անկախության մասին հայտարարել Էին 2014 թվականի փետրվարին Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ հակամարտության զոհ Է դարձել շուրջ 13 հազար մարդ։ Դոնբասում իրադրության կարգավորման հարցը քննարկվում է նաև շփման խմբի հանդիպման ընթացքում:
Սակայն զինադադարի համաձայնագրից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները, ԴԺՀ-ում հայտարարել են ուկրաինական ծանր հրետանու կողմից բնակելի շրջանների գնդակոծման մասին։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Կիևը չի կատարում Մինսկի համաձայնագրերը և ձգձգում է հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։
Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունների այսպես կոչված՝ «նորմանդական ձևաչափը» գոյություն ունի 2014 թվականի հունիսից: Այդ ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափ իջեցման 70-ամյակի տոնակատարության ժամանակ Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդներն առաջին անգամ քննարկեցին Դոնբասի հակամարտության կարգավորումը։ Նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում։ Վերջին շրջանում կողմերը տարբեր մակարդակներում քննարկում են այդ ձևաչափով փոխգործակցության հեռանկարները։