Իսկական լեգենդ և բացառիկ օրինակ. Ալբերտ Ազարյանը նշում է ծննդյան 93-ամյակը

Լեգենդար մարզիկին շնորհավորել են Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ փոխնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 93-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր այցելել են Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար մարզիկին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ներդրումը հայկական մարմնամարզության զարգացման և աշխարհին մեր երկիրը ներկայացնելու գործում։
Ազարյանական խաչի պատմությունը, կամ անհրաժեշտ էր դիմանալ ընդամենը 3 վայրկյան, այնինչ...
«Դուք իսկապես լեգենդ եք և բացառիկ օրինակ թե՛ որպես անհատականություն և թե՛ որպես մարզիկ, իսկ Ձեր անունով «Ազարյանական խաչը» մինչ օրս աշխարհի մարմնամարզիկների ակնածանքի առարկա է: Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն և երկարակեցություն»,–ասել է Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև վստահություն է հայտնել, որ ազարյանական դպրոցը կշարունակի իր դերն ունենալ հայկական սպորտում հաղթանակների կերտման ճանապարհին:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին շնորհակալություն է հայտնել մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն:
«Ալբերտ Ազարյանը վերադարձավ իր առօրյա մարզումներին». ինչպես է մարզվում 92–ամյա լեգենդը