ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայտնի երգիծաբան և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, թե ինչ գիրք է կարդում այս պահին։ Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` Դեյվիդ Բիրնի «Ինչպես է աշխատում երաժշտությունը» գիրքը ձեռքին։
«Ընկերներ, ձեզ դիմում եմ Ալեքսանդր Պուշկինի խոսքերով. «Ընթերցանությունն է ամենալավ ուսումնառությունը»,– լուսանկարին կից գրել է նա։
Մարտիրոսյանը կոչ է արել մեկնաբանություններում գրել, թե ով ինչ գիրք է կարդում այս օրերին։
Նրա հետևորդները արձագանքել են կոչին։ Ոմանք գրքի վերնագիր են գրել, մյուսները խնդրել են, որ Գարիկ Մարտիրոսյանը հրապարակի իր սիրած գրքերի հնգյակը, իսկ մեկն էլ սրամտել է. «Հիմա ձեր գրառումն եմ կարդում»։
Նշենք, որ փետրվարի 14-ը գիրք նվիրելու միջազգային օրն է։ Հայաստանում այն նշում են փետրվարի 19-ին` մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։