ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուս գեղասահորդուհի, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկու գլխավոր հավակնորդ Կամիլա Վալիևային թույլատրել են շարունակել մրցումները` չեղարկելով փետրվարի 9-ին կիրառված ժամանակավոր սահմանափակումը։ Այս մասին Թեստավորման միջազգային գործակալության (ITA) մամուլի ծառայությանը հղում անելով հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 25-ին աղջկանից վերցրած դոպինգ թեստը դրական արդյունք է տվել տրիմետազիդին դեղամիջոցի նկատմամբ։
Վալիևան արդեն իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է դարձել Պեկինի օլիմպիադայի թիմային մրցաշարում։ Հենց նա է թիմին բերել առավելագույն 20 միավորը` ռուսական թիմին թույլ տալով մեծ տարբերությամբ առաջ անցնել մոտակա մրցակից ԱՄՆ հավաքականից։ Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը պետք է կայանար փետրվարի 7–ին, սակայն հետաձգվել էր սկզբում մինչև փետրվարի 8–ը, այնուհետև անորոշ ժամանակով։
ՄՕԿ–ում հայտարարել էին, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը պահանջում է Չմշկասահորդների միջազգային միության (ISU) իրավաբանական խորհրդատվությունը։ Ավելի ուշ Insidethegames պարբերականը հայտնել էր, որ պարգևատրման արարողության հետաձգումը կապված է Վալիևայի դոպինգ թեստի հետ։
ITA–ում հաստատել էին, որ 2021–ի դեկտեմբերի 25-ին Վալիևայից վերցված թեստը դրական արդյունք էր տվել։ Այդ մասին Ստոկհոլմի հակադոպինգային լաբորատորիան ծանուցել էր փետրվարի 8-ին, որից հետո Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (РУСАДА) նրան ժամանակավորապես հեռացրել էր մրցումներից։
«Մարզիկը բողոքարկել էր ժամանակավոր արգելքը, փետրվարի 9-ին Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը որոշել էր այն չեղարկել։ Այսպիսով` մարզիկին թույլատրվել է շարունակել մասնակցել օլիմպիական խաղերին։ Տվյալ որոշման հիմնավորումը կարճ ժամանակում կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին», – ասվում է հաղորդագրության մեջ։
ITA–ում հայտարարել են, որ ՄՕԿ–ը բողոքարկել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության տվյալ որոշումը, գործը քննվելու է Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։ Գեղասահորդների թիմային մրցաշարի վերջնական արդյունքների վերաբերյալ որոշումը կկայացնի ISU–ը` Վալիևայի գործի լիարժեք ուսումնասիրությունից հետո։
ՄՕԿ մամուլի ծառայության ղեկավար Մարկ Ադամսը, մեկնաբանելով Վալիևային շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ այս դեպքը դեռ պետք է վերլուծվի։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ 15-ամյա գեղասահորդուդուն ելույթները վերսկսելու թույլատրություն տալը կապված է նրա տարիքի հետ։
«Մենք տարբեր բաներ ենք լսում, աղմուկ է բարձրացել, ակնկալում ենք, որ լրացուցիչ պարզաբանումներ կլինեն, թեև հիմնական փաստաթուղթը կա։ ՄՕԿ–ը 100%–ով դեմ է դոպինգին, մենք յուրաքանչյուր դեպք խորը ուսումնասիրում ենք։ Այս դեպքը մինչև վերջ չի վերլուծվել։ Առավել ևս, որ խոսքն անչափահաս աղջկա մասին է։ Գործը ընթացքի մեջ է», – հավելել է նա։
Նշենք, որ Վալիևան առաջին մրցումներն է անցկացնում մեծահասակների սահքում և իր մասնակցած ոչ մի մրցման ժամանակ չի պարտվել։ Նա հաղթանակներ է տոնել Եվրոպայի և Ռուսաստանի առաջնություններում, ինչպես նաև համաշխարհային ռեկորդներ է սահմանել կարճ և ազատ ոճերում։
Մարզիկը պետք է մասնակցի մենասահքի անհատական մրցումներին։ Կարճ ծրագիրը կկայանա փետրվարի 15-ին, ազատ ծրագիրը` փետրվարի 17-ին։