ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն անցած տարվա դեկտեմբերից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի ամերիկյան շախմատային ֆեդերացիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լենյեր Դոմինգեսի հետ։
Դոմինգեսը D խմբում կիսել է առաջին հորիզոնականը իր հայրենակից Ուեսլի Սոյի հետ, իսկ այսօր թայ-բրեքում հաղթել է նրան 1.5-0.5 հաշվով։
Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունքը նվաճել է ժամանակից շուտ՝ C խմբում գրավելով առաջին տեղը խմբային մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ։
Նշենք, որ Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում խաղարկվել է վեց տուր: Փլեյ օֆ է դուրս եկել յուրաքանչյուր խմբի հաղթողը։
Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: