ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները. Վիկտորինը հանդիպել է Թաթոյանին

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
ԵՄ դեսպանն ընդգծել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առանձնահատուկ կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, տեղեկանում ենք ԵՄ-ի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Կողմերը քննարկել են իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում։

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար` ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։

Նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը` աջակցով այդ ուղղությամբ արվող բոլոր ջանքերին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը Եվրոպական միության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով արտահայտվել Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։
Ակցիայի մասնակիցները եկել են մի կարգախոսով` «You are not EU» (դուք ԵՄ չեք – խմբ.), քանի որ իրենք համարում են, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ոչ թե իրականում ներկայացնում է եվրոպական արժեքները, այլ զբաղված է իշխող քաղաքական ուժի PR-ով։ Նրանք նաև պաստառներ էին պարզել՝ «Խոսե՛ք», «Մի՛ լռեք»։