ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն իրեն տեսնում է որպես Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ։ Մարզիկն այդ մասին ասել է «Սպորտ էքսպրեսին»։
«Որտե՞ղ եմ ինձ տեսնում մեկ տարի անց` մոսկովյան «Դինամոյում»։ Մեկնել Եվրոպա՞։ Ես այդ պրոցեսը չեմ արագացնի։ Եթե լինի նման առաջարկ, և հարմար ժամանակ լինի... Առաջ Աստված, ամեն ինչ կստացվի»,–ասել է նա։
Նրա խոսքով` հիմա հրապարակվում են այն թիմերի ցուցակները, որոնք հետաքրքրված են իրենով։ Իսկ վերջերս հրապարակվեց այն ակումբների ցանկը, որոնք իրենով չեն հետաքրքրվում։ Ֆուտբոլիստն ասել է` վերջին ցուցակում ընդգրկված թիմերի քանակն ավելի քիչ է, քան իրենով հետաքրքրվածներինը։
Արսեն Զախարյանն անցած մրցաշրջանում «Դինամոյի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, խփել է չորս գոլ և կատարել յոթ արդյունավետ փոխանցում: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։