ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (ներկայում կալանավորված) պաշտպան Երեմ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ։ Այս մասին Սարգսյանը հայտանել է Facebook–ի իր էջում։
«Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ վերջինս ակնհայտ ապօրինի կարգով 2 ամսով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,–գրում է Սարգսյանը։
Բախշիյանի պաշտպանը դիմումով խնդրել է Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ԲԴԽ–ին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:
Նա հաղորդումը ներկայացրել է մինչ Բախշիյանի կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը։
Սարգսյանը հույս է հայտնել, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և «չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։