ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Աֆղանստանի Բաղդիս նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ: Տեղեկությունը հայտնում է «Աամաջ նյուզ» գործակալությունը։
Նշվում է, որ ևս 20 մարդ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալայի–Նաու քաղաքում: Պայթուցիկ սարքը գործել է անմիջապես մզկիթի մուտքի մոտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով 15 մարդ է տուժել: Ականատեսները պատմել են, որ միջադեպի պահին ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները մզկիթից դուրս գալիս են եղել:
«Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հետևանքով, որը գործել է, երբ հավատացյալները ուրբաթօրյա նամազից հետո լքելիս են եղել Կալայի-Նաուի մզկիթը»,- նշում է գործակալությունը:
Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Հարկ է նշել, որ անցյալ տարվա աշնանը Աֆղանստանի մզկիթներում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: