Ռուսաստան–Ուկրաինա դիմակայությունը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ. Աբրահամյան

Պատգամավորի խոսքով` նմանատիպ լուրջ խնդիրներից է Ռուսաստան–Ուկրաինա դիմակայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միայն տվյալ երկրի խնդիրը չեն, դրանք ուղղակի և անուղղակի առնչություն ունեն Հայաստանի հետ։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին նմանատիպ խնդիրներից է Ռուսաստան–Ուկրաինա դիմակայությունը, ինչը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ։ Այս բոլոր պրոցեսներն անվտանգային առումով նաև լուրջ սպառնալիքներ են Հայաստանի համար։ Երբ մենք խոսում ենք անվտանգության համակարգի և միջավայրի մասին, դրա կարևորագույն ուղղություններից մեկը նաև կենսունակությունն է։ Ցավոք սրտի` այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքին անուղղակի կերպով գումարվում է մեծ ռեգիոնում տեղի ունեցող իրավիճակը»,– նշեց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ հնարավոր են նաև «պայթյուններ», որոնք բավականին կծանրացնեն ստեղծված իրավիճակն ու ևս մեկ անգամ կփոխեն տարածաշրջանի հավասարակշռությունը։
Նշենք, որ Ուկրաինան և արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբրև թե «ագրեսիվ գործողությունների» ավելացման կապակցությամբ և սպառնում են նոր պատժամիջոցներով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է լրացուցիչ զինվորականներ ուղարկել Եվրոպա, իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ համոզված է, որ Ուկրաինայում պատերազմ չի լինի։