ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նամակ է հղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես նամակ եմ հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և Ռուսաստանին հրավիրել եմ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումների շարքի շրջանակում շարունակել մեր երկխոսությունը, որպեսզի դիվանագիտական լուծում գտնենք»,– ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները, ինչպես նաև քննարկել եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների ամրապնդման ուղիները։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը: