ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալը մտերիմից կաշառք է վերցրել նրան ծառայության ընդունելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը ՌՈ աշխատակիցը, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ծառայության ընդունվելու ցանկություն ունի, խոստացել է օգնել այդ հարցում։
ՌՈ Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի գործավարության պետ, ինչի հետո վերջիններս հանդիպել են, և Գյումրու բնակիչը տվել է իր պաշտոնի նշանակման համար կաշառքը` 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: Նրա միջնորդությամբ այդ պաշտոնում նշանակվելուց հետո վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառքը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին և նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: