Փաշինյանի հայտարարությունը նշանակում է` պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները. Աբրահամյան

Պատգամավորն իր անհանգստությունը հայտնեց նաև ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահ է` օրերս 44-օրյա պատերազմից 8 գերի վերադարձնելը եղել է հստակ քաղաքական գործարքի դիմաց, թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին հայտարարել էր, որ այդ քայլն Ադրբեջանի կողմից եղել է առանց նախապայմանների ու որպես բարի կամքի դրսևորում։

«Որքան էլ թեթևությամբ է ներկայացվում, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հանգամանքը որևէ խնդիր չի ներկայացնում կամ Հայաստանի համար միևնույնն է` դրանք կվերադարձվեն, թե ոչ, դա այքան էլ այդպես չէ։ Դրանց փոխանցումը հեշտացնում է Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների գործունեությունն ու ենթակառուցվածքների հիմնումը»,– նշեց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով` Փաշինյանի երեկվա հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները և դրա դիմաց որևէ սպասելիք չունի։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել էր, որ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 անձի աճյուն և հավելեց, որ առաջիկա օրերին հայկական կողմը ադրբեջանցիներին կփոխանցի ևս երկու աճյուն։