ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտի ունենալու նախագիծը։ Նշենք, որ նախագիծը չզեկուցվող հարցերի շրջանակում էր։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով:
Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:
Հիշեցնենք` քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ֊ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը Հայաստանին մի շարք օգուտներ է տալու` օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորություններ կստեղծվեն, նոր ուղիղ օդային կապեր կհաստատվեն։
ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան, և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։ Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ։