Մեր երկիրը գնում է դեպի բռնապետություն. Վահե Հակոբյանը` դատական համակարգի մասին

Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցությանը հետաքրքրում է, թե ինչու են լռում միջազգային կառույցները, և որն է դրա գինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը և Եվրոպական միության կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր։ Նման եզրակացության են հանգել «Հայաստան» խմբակցության անդամները հատկապես դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումից հետո։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով դատական համակարգին։

«Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, և դատավոր Բորիս Բախշիյանի (նա քննում էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը) կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում ենք դատական համակարգ և արդարադատություն»,– ասաց Հակոբյանը` նշելով, որ այս ֆոնին Արևմուտքի հետ շարունակական լռություն են պահպանում եվրոպական կառույցները։

Նա նաև ընդգծեց, որ իրենց շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է, ինչ են խոսք տվել ներկա իշխանությունները։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Չարչյանն էլ նշեց, որ Բախշիյանի կալանավորումը շատ լուրջ ու վատ նախադեպ էր։ Պատգամավորը հույս է ունեցել, որ իր կամ այլ անձանց նկատմամբ ապօրինի որոշումներ կայացրած դատավորները ներողություն կխնդրեն, սակայն նրանք միայն կալանավորում են։
«Սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, որն ինձ կալանավորելու որոշում էր կայացրել։ Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակում են, իսկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցվել է Սահմանադրական դատարանի կողմից»,– ասաց Չարչյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց փետրվարի 7-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
Գալու է պատասխան տալու ժամանակը. Քոչարյանը` տեղի ունեցող իրավական գործընթացների մասին