Մամիկոն Ասլանյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2021-ի դեկտեմբերի 16-ին՝ ավագանու անդրանիկ նիստի նախորդ օրը։
Sputnik
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանի խոսքով` իրենց համար սպասելի էր դատարանի այդ որոշումը։
Նշենք, որ Ասլանյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը, սակայն դատարանը մերժել էր։
«Սպասելի որոշում էր։ Դեռևս նախկին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ դատավորին չի հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում դատական նիստերի դահլիճում, կապ չուներ քննարկումը տեղի ունեցողի հետ»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով` դատավորը նախկինում կայացրած որոշման մեջ անմեղության կանխավարկած էր խախտել։
«Դատավորը ժամանակին քննարկել էր նաև կալանավորման հարցը, որը նույնպես բավարարել էր»,- ասաց Վարոսյանը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։