ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան, ենթադրաբար, խորհուրդ կտա Ուկրաինայում իր դիվանագիտական ներկայացուցչությունների ոչ հիմնական անձնակազմին հեռանալ երկրից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, ի դեպ, ինքներս ենք մտածում. միգուցե անգլոսաքսերն են ինչ-որ բան նախապատրաստում, եթե նրանք տարհանում են իրենց աշխատակիցներին։ Մենք նույնպես հետևում ենք նրանց գործողություններին, ու հնարավոր է, ևս խորհուրդ կտանք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ոչ հիմնական անձնակազմին ժամանակավորապես տուն վերադառնալ»,- հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս պահին մոտավոր ժամկետներ հայտնի չեն, թե երբ դիվանագետները կհեռանան Ուկրաինայից։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Մեծ Բրիտանիան սկսել է դուրս հանել Կիևից իր դեսպանատան աշխատակիցներին՝ «Ուկրաինա ռուսաստանյան ռազմական սպառնալիքի» պատճառով։ Լոնդոնում նշում են, որ բրիտանացի դիվանագետներին ուղղակի վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ որոշում է ընդունվել ետ կանչել անձնակազմի գրեթե կեսին։ Նույնպիսի որոշում են ընդունել Գերմանիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը։