ՌԱԴԻՈ

Խնամատարների տարիքային շեմը պետք է հաստատել երեխայի լավագույն շահը հաշվի առնելով

ԱԺ պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենքի նախագծին, ըստ որի` առաջարկվում է խնամատար ծնողի տարիքը 55-ից դարձնել 65 տարեկան։
Sputnik
Եթե տարիներ առաջ պատկերացնում էին, որ 65 տարեկան մարդը պետք է անցնի թոշակի, քանզի չի կարող սոցիալ–հասարակական ակտիվ կյանք վարել, ապա այժմ մոտեցումները փոխվել են, մեր հասարակության փորձը ցույց է տալիս, որ մեծահասակները, օրինակ, շատ լավ իրականացնում են երեխաների խնամքը, երբ ծնողներն ինչ–ինչ պատճառներով դա չեն կարողանում անել։ Այնպես որ, «Ընտանեկան օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններն արդարացված են, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ` խնամատար ծնողի տարիքը 55 տարեկանից բարձր չպետք է լինի, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այն դարձնել 65, քանի որ բազմաթիվ անձինք դիմում են, որ խնամատար ընտանիք լինեն, սակայն տարիքային շեմը չի համապատասխանում։
Ըստ Բաթոյանի` խնամատար անձանց տարիքային շեմը պետք է հաստատել երեխայի լավագույն շահը հաշվի առնելով։ Նրա կարծիքով` խնամատար ծնողների թվաքանակի աճը պայմանավորված է իրազեկման բարձրացմամբ, ծրագիրը վաղուց գործում է։ 2017 թվականին շատ ավելի քիչ էին այն ընտանիքները, որոնց համար պետբյուջեով նաև ֆինանսական աջակցություն է նախատեսված եղել, երեխաների խնամքի ծառայության համար ևս որոշակի փոխհատուցում կա, այդ ինստիտուտը նոր է կայանում։
«2019 թվականին հաստատեցինք նաև խնամատար ծառայության դասընթացների կուրսը, որովհետև դա պարտադիր է այն թեկնածուների համար, որոնք ցանկանում են դառնալ խնամատար և որդեգիր ընտանիք։ Երբ մարդկանց տարաբնույթ պատմությունների միջոցով ցույց ենք տալիս հաջողված որևէ փորձ, մարդիկ ձգտում են դրան։ Երբ քաղաքացիները մտավախություններ են ունենում երեխաների որդեգրման դեպքում, քանզի այդ գործընթացը շատ բարդ է, ուստի խնամատար ընտանիքը դիտարկում են որպես այլընտրանք»,– ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։
Երևանը և Լոռին առաջատարն են. խնամատար ընտանիք դառնալու համար շատերն են հերթագրվել
Բաթոյանի համոզմամբ` շատ կարևոր է, որ կառավարությունը հետևողական լինի և մոնիթորինգի գործիքները շատ լավ կիրառի, նաև համայնքի հետ համատեղ աշխատի, որովհետև դա միայն նախարարության անելիքը չէ, երեխաների բարեկացության հարցում պետք է շահագիրգիռ լինեն բոլոր կողմերը։ Ըստ նրա` խնամատարության հետ կապված չի արձանագրվել որևէ դեպք, երբ երեխան անտեսվել է, և ընտանիքը խնամատար է դարձել միայն ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` այս պահին «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն է մշակվում, որով առաջարկվում է խնամատար ծնողի տարիքը 55–ից դարձնել 65 տարեկան։
Ըստ Հովհաննիսյանի` ՀՀ–ում գործող ցերեկային 6 կենտրոններում տարեկան 600 երեխայի խնամք է իրականացվում։