Կանադական պարադոքս. ուզում էին փոխել վարչապետին, բայց փոխվեց ընդդիմության առաջնորդը

Եկեք անկեղծ լինենք։ Ուղղակի անհավանական բան պատահեց Կանադայում, որտեղ արդեն 10 օրից ավելի է, ինչ շարունակվում է վարորդների աննախադեպ բողոքը։
Sputnik
​Ցուցարարները, որոնք կաթվածահար են արել մայրաքաղաք Օտտավան իրենց «Ազատության շարասյուն» ակցիայով, պահանջում են վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրաժարականը, այնինչ, պատկերացրե′ք՝ հրաժարական տվեց ընդդիմության առաջնորդը։ Համաձայնե′ք, նման բան կարծես թե երբեք չէր եղել։
​Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարին «փոխեց» կորոնավիրուսը, որի դեմ պայքարը բոլոր երկրներում իշխանությունների գործն է։
Ամեն ինչ սկսվեց հունվարի վերջին, երբ Կանադայի իշխանությունները հայտարարեցին՝ այսուհետ մեծ բեռնատարներների վարորդները իրավունք կունենան Կանադայից գնալ Միացյալ Նահանգներ միայն այն դեպքում, եթե պատվաստված են, իսկ չպատվաստվածները պիտի սահմանին անցնեն երկշաբաթյա կարանտին և բավական մեծ գումար վճարեն թեստի համար։ Սա զայրացրեց վարորդներին, և մի քանի հազար բեռնատարների շարասյունը շարժվեց դեպի մայրաքաղաք։
​Սահմանափակումներից հոգնած կանադացիները ճանապարհին ողջունում էին վարորդներին, ծածանում ազգային դրոշը։ Բայց ոգևորությունը շատ արագ մարեց, երբ հսկա մեքենաները տեղավորվեցին մայրաքաղաքի կենտրոնում և սկսեցին օր ու գիշեր միացնել իրենց ազդանշանները։ Երևանցիները լավ կհասկանան, որովհետև գրեթե ամեն գիշեր ականատեսն են դառնում նույն պատկերին՝ ընդամենը մի խուլիգան վարորդ իր մեքենայի ճչացող ձայնով արթնացնում է քաղաքի գրեթե կեսին։
Ոչ միշտ է սահմանագծումը «հեփի էնդ»-ով ավարտվում, կամ «քարտեզների պատերազմն» անխուսափելի է
Իսկ Օտավայի փողոցներում դա անում էին հարյուրավոր վարորդներ։ Տրամադրությունները լրիվ փոխվեցին, երբ վարորդները սկսեցին քաղաքական պայմաններ առաջ քաշել և պահանջել վարչապետի հրաժարականը։ Վերջին հարցումների համաձայն՝ կանադացիների ավելի քան երկու երրորդը՝ 68 տոկոսը բացասաբար է վերաբերվում վարորդների բողոքին և նրանց պահանջներին։ Ահա այսպես իրենց չմտածված գործողություններով վարորդները հասան այն բանին, որ նրանց ողջունող քաղաքացիները ի վերջո երես թեքեցին բողոքավորներից։
​Ու անսպասելի բան կատարվեց՝ իշխանությունները, ինչպես բազմաթիվ երկրներում, տեղի չտվեցին, իսկ ընդդիմությունը պառակտվեց։ Մի մասն ասում էր՝ երբեք չպետք է աջակցել վարորդներին, որոնց գործողությունները հակակրանք են առաջացնում ընտրողների մեծ մասի շրջանում։ Մյուս մասը հակադարձում էր՝ բայց չէ՞ որ բողոքողները պահանջում են վարչապետի հրաժարականը, ու դա 100 տոկոսով համընկնում է մեր՝ ընդդիմադիրներիս նպատակների հետ։
Այս սկզբունքային վեճի արդյունքում ընդդիմության չափավորական առաջնորդը ստիպված եղավ հեռանալ, նրա տեղը զբաղեցրեց կոշտ գծի կողմնակիցը, որը համոզեց կուսակցության անդամներին՝ պետք է անվերապահորեն կանգնենք բողոքող վարորդների կողքին։
​Մեկնաբանները, սակայն, փաստում են՝ այս տասն օրվա ընթացքում Կանադայում տեղի ունեցավ այն, ինչը շատ հաճախ կատարվում է ամենատարբեր երկրներում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ՝ իրենց իրավունքների համար պայքարող վարորդներին միացան մարդիկ և ուժեր, որոնք սեփական նպատակներն ու շահերն են հետապնդում։
Ընդամենը մեկ օրինակ բերեմ։ Վարորդների համար գումարներ է սկսել հավաքել մի կին, որը գլխավորում է Ալբերտա նահանգի անկախության համար ծավալված շարժումը։ Լավ, ֆրանսախոս Քվեբեկի անկախական ձգտումները հայտնի են, բայց Ալբերտա՞։ Խոստովանեմ՝ առաջին անգամ եմ լսում։
​Ու ևս մեկ հետաքրքիր հանգամանք։ Որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե վարորդների այս բողոքը ավելի մեծ աջակցություն է վայելում հարևան ԱՄՆ-ում, քան բուն Կանադայում։ Վերլուծաբանները ենթադրում են. Դոնալդ Թրամփը, որն առանց այն էլ խիստ բացասաբար է վերաբերվում Ջասթին Թրյուդոյին, հույս ունի, որ եթե զանգվածային բողոքների միջոցով հաջողվի գահընկեց անել Կանադայի ղեկավարին, Ամերիկայում էլ հնարավոր կլինի նույն ճանապարհով ազատվել Ջո Բայդենից։ Իսկ այն, որ Թրամփը երազում է օր առաջ կրկին հայտնվել Սպիտակ տանը, այդ մարդը չի էլ թաքցնում։
Լինել ՀՀ նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակով. նմանություններն ու տարբերությունները
​Սակայն կհանգեցնե՞ն արդյոք երկարատև բողոքները Ջասթին Թրյուդոյի հրաժարականին՝ շատ մեծ հարցականի տակ է։ Ավելին, որոշ քաղաքագետներ հակառակ սցենարն են նկարագրում։ Օրինապաշտ կանադացիները համոզված են, որ վարչապետափոխությունը պետք է տեղի ունենա միմիայն լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցային բողոքների հետևանքով։ Ու բոլորովին չի բացառվում, որ այս ամենը կբարձրացնի վարչապետի վարկանիշը, և նա կվերընտրվի հաջորդ ընտրություններում։
Ասում եք՝ անհավանակա՞ն է։ Կներե′ք, բա մեզ մոտ էդպես չեղա՞վ՝ շաբաթներ տևած բողոքի ակցիաներ պառլամենտի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, ինչից հետո վարչապետի գլխավորած քաղաքական ուժը շատ հանգիստ հաղթանակ տարավ արտահերթ ընտրություններում։ Իսկ դուք ասում եք՝ պարադոքսների երկիր Կանադա։