Երևանի աղբահանության հիմնարկի պետն ու տեղակալը ազատ են արձակվել

ՔԿՀ
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ բացի Արմեն Գրիգորյանից և Կարեն Թորոսյանից մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են իրենց գործողությունների հետևանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը և ընդունել իրենց մեղքը: Նշված պայմաններում նվազել է վերջիններիս նախաքննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը, ուստի նրանց նկատմամբ քննիչի կողմից ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց»,– հայտնեցին կոմիտեից:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին նաև, որ բացի Արմեն Գրիգորյանից և Կարեն Թորոսյանից, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Կարեն Թորոսյանը՝ ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։
Ըստ մեղադրանքի՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: