Բոլորն են խաղաղություն ուզում, բայց այն պետք է լինի արժանապատիվ. Մամիջանյան

Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համար անհասկանալի է, թե ով է ավելի լավ պատկերացնում խաղաղության գինը` 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակները կերտողնե՞րը, թե՞ մայիսին ապրիլյան պատերազմին մասնակցած Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության կարծիքով` միայն խենթերը կարող են խաղաղություն չուզենալ, ուղղակի դա իր արժեքն ունի։ ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ այդ մասին ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` փետրվարի 9-ի հայտարարությանը, որ ՀՀ բոլոր կառավարությունների նպատակն է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։

«Ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ով ավելի լավ կպատկերացնի խաղաղության գինը` մարդիկ, որոնք կերտել են 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակները, եղել են գերագույն գլխավոր հրամանատար, թե Նիկոլ Փաշինյանը, որը մայիսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին»,– նշեց Մամիջանյանը։

Նա ընդգծեց` բոլորն են ուզում խաղաղություն, բայց որ այն լինի արժանապատիվ, ոչ թե այն, որը մուրում են կամ որպես կարեկցանք շնորհում են Հայաստանին։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել և առարկայական խոսակցություն ունենալ։
Զգուշավոր լավատեսություն կա․ Զասը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին