ArmNews, Tert.am... «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը

Համահիմնադի խոսքով`քննարկել են նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց գնորդները չեն համաձայնել պահպանել որդեգրած քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի լրատվական դաշտում հայտնի «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը։
«ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews FM ռադիոյի ունկնդիրներ,երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից»,–գրել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով` քննարկել են նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին:
«Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայց ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը»,–գրել է նա։
Նրա խոսքով` իրենք չեն հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը իրենցը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին իրենց համար։
Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիան» հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1–ին։ Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և ArmNews FM ռադիոն։