ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարությանն առաջարկում է 30-50 տոկոս սուբսիդավորում տրամադրել պարարտանյութերի գների մակարդակով։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Առաջարկել ենք 30-50 տոկոսով սուբսիդավորել պարարտանյութի գները` հաշվի առնելով գների առումով ոլորտում գրանցված կտրուկ աճը։ Բայց այդ, հաշվի ենք առել այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք կարող ենք ունենալ պարարտանյութերի մատակարարների հետ զեղչեր ստանալու առումով»,–նշեց Քերոբյանը։
Նրա խոսքով` բանակցությունները հիմա շարունակվում են, ակնկալում են, որ որոշ հաջողություններ կունենան այս առումով։ Հաջորդ հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կներկայացնեն այս հարցը։
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան։ ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի ավելացմամբ: Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով։