ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: Առաջարկը դեռ անտեսվում է։