ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտ է համարում Արցախյան 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն–ազգանունները հրապարակելը։ Նա այդ մասին ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ` վստահեցնելով, որ դա կփակի առաջացած բոլոր թեմաները։
«Այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, և տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը դեռևս այնքան ժամանակ հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,– նշեց Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր, որ ունեցել ենք 100-ից ավելի զոհ, որն իրականության հետ որևէ կապ չուներ. այդ պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին ԱԺ–ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը 3812 է։ Նա նաև նշեց, որ զոհերից 3736-ը զինծառայող են եղել, իսկ 76-ը` քաղաքացիական անձ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։