ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը վաճառվել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` այսօր հանձնաժողովն ամփոփել է Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Նշվում է, որ մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։
Ի դեպ, նշված ՍՊԸ-ն հայտարարված մրցույթի միակ մասնակիցն է եղել։
««Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10–ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույքինը՝ 305 757 000 ՀՀ դրամ։
Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
Իսկ 2019թ–ի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, հետո արդեն նվազել մինչև 14 մլն դոլար։
Փաշինյանը հույս էր հայտնել, որ հյուրանոցը պետք է աճուրդի հանել ու դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։ Չկայացած աճուրդների հետևանքով, փաստորեն, պետական բյուջեն արդեն շուրջ 1.5 մլն դոլար գումար է կորցրել։
2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։
Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելես» (այժմ՝ «Բլու ռեդիսոն») հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։