Մարիա Զախարովան մեկնաբանել է Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարությունը

ՌԴ արտաքին գերատեսչությունում կարծում են, որ Լուկաշենկոյի հայտարարությունը կապված է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացման իրավիճակի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցում խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին, Միութենական պետություն ստեղծելու մասին խոսք չի եղել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ-ի աջակցությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 127 անձ. Զախարովա
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ում մեկնաբանել էին Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունները Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Երևանի հնարավոր միանալու մասին։ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը մասնավորապես հայտարարեց, որ Հայաստանն «այլ տարբերակ չունի»։

«Նման պահ հարցազրույցում չկա, նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` դա Բելառուսի նախագահի տեսլականի ձևակերպումն է, Լուկաշենկոյի քաղաքականությունն ի պատասխան ինտեգրացիոն գործընթացների զարգացման իրավիճակին։ Միևնույն ժամանակ Զախարովան պարզաբանել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և նախատեսում է այլ պետությունների, մասնակիցների` դրան միանալու հնարավորություն։