ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Վերին Լարսով» Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը մերկասառույցի և ձյան պատճառով փակ է բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը թույլատրվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանություններն իրականացնում են Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի շինարարությունը։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։ Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել։