Շուշիի գորգերի համար նոր թանգարան չի կառուցվի. նախարարությունն այլ տարբերակներ է առաջարկել

ԿԳՄՍ փոխնախարարի համար զարմանալի է այս հարցի շուրջ առաջացած աղմուկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Շուշիից պատերազմի օրերին Հայաստան տեղափոխված շուրջ 170 արցախյան արժեքավոր գորգերի ցուցադրության համար նոր թանգարան չի կառուցվի։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյաի հարցին, հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

«Մենք ունենք քաղաքականություն` արժեքները մեկտեղելու, ամեն առանձին արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև երբ ցուցադրվող արժեքները հարուստ ու բազմաժանր են, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են,– ասաց Խզմալյանը,– այսինքն, մենք նաև այցելուների հոսքն ապահովելու համար ենք խուսափում առանձին կենտրոններ ստեղծելուց, առավել ևս, որ պետական գույքի նոր դեֆիցիտ կա, մեր արժեքները շատ ավելի են, և մեր պահոցներում միլիոնավոր արժեքներ կան, որոնք չեն ցուցադրվում ցուցադրական տարածքների բացակայության պատճառով»,– ասաց Խզմալյանը։

Փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունն առաջարկել է Շուշիի գորգերի հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել ՀՀ գործող լավագույն առաջատար թանգարաններում։
«Կարծում եմ` սրանից լավ բան` տրամադրել լավագույն թանգարանային հարթակ` ցուցադրելու այս ամենը, դժվար է առաջարկել»,– ասաց Խզմալյանը` հավելելով, որ այն, ինչ առաջարկվել է, այսօր ունեցած լավագույն ռեսուրսն է։
ԿԳՄՍ փոխնախարարը նաև իր տարակուսանքը հայտնեց բարձրացված հարցի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ` նշելով, որ այդ գորգերի պահպանումը, դրանց ֆիզիկաքիմիական վիճակի ուսումնասիրությունն այսօր շատ ավելի կարևոր հարց է, քան ցուցադրությունը կազմակերպելը։
Շուշիի գորգերի հավաքածուն կրկին վտանգված է. խնդիրը` բոլոր կողմերից
Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին Շուշիի թանգարանի մոտ հրթիռ էր պայթել, հարվածի հզոր ալիքը կոտրել էր պատուհաններն ու դռները։ Այդ ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը զանգահարել էր Արցախի մշակույթի նախարարին և խնդրել մեքենա տրամադրել գորգերը տեղափոխելու համար։ Նրան հաջողվել է փրկել իր հավաքածուի 2/3-ը։
Ընդհանուր առմամբ, Շուշիից դուրս է բերվել շուրջ 170 արժեքավոր գորգ։
Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո դուրս բերված Շուշիի գորգերից 71–ը մինչև վերջերս ցուցադրվում էր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Վարդան Ասծատրյանը փետրվարի 1-ին հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ երկու օր առաջ ցուցադրությունը հավաքել են ու ինքը տեղյակ չէ` ուր են տանելու գորգերը։
Հավաքածուում ներկայացված են հիմնականում XIX դարի արցախյան գորգեր, սակայն կան նաև XVII դարի նմուշներ։