ՌԴ-ի աջակցությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 127 անձ. Զախարովա

Գերի վերադարձ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. 2020 թվականի դեկտեմբերից (Արցախյան պատերազմից հետո – խմբ.) ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ընդհանուր առմամբ 146 մարդ է վերադարձվել։ 127-ը` հայկական կողմին, 19-ը` ադրբեջանական։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից այս տարվա փետրվարի 7-ին հայկական կողմին 8 զինծառայողի փոխանցումը։ Կարևոր է հնարավորինս արագ վերջնականապես վերացնել այդ խանգարող երևույթը` հայ–ադրբեջանական հարաբերությունների այդ խնդրահարույց հարցը, ավարտել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով պահվող անձանց փոխանակումը», – ասել է նա։

Ըստ նրա` Ռուսաստանը կարևորում է զուգահեռաբար հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում ջանքեր գործադրելը և աջակցելու է գործընթացին ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։
Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 7–ին Ադրբեջանը ԵՄ–ի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել ևս 8 ռազմագերի։ Նրանց մի մասը գերեվարվել էր անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ, մյուս մասը` 2020 թվականի դեկտեմբերին ԼՂ–ի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում։
Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել