Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը

Նախարարը հայտնեց, որ բարեփոխումների ընթացքը գաղտնի չէ, պատգամավորները կարող են ցանկության դեպքում ծանոթանալ կատարված աշխատանքին, մասնակցել քննարկումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը և այն ուղարկել է խմբագրման։ Այս մասին նախարարը հայտնեց այսօր ԱԺ–ում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին։

«Հայեցակարգը 2021թ–ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության։ Բայց բովանդակությունը, որը ներառված է այդ հայեցակարգում, ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի։ Որքան էլ որ հայեցակարգը ընդհանրական է ու դրանից պիտի բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ, պետք է հստակություն, նաև որոշակի հակիրճ բովանդակություն լինի»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը հայտնեց, որ հայեցակարգի բովանդակությունն ու բարեփոխումների ընթացքը գաղտնի չեն, պատգամավորները կարող են ցանկության դեպքում ծանոթանալ կատարված աշխատանքին ու մասնակցել քննարկումներին։
«Այն ամենը, ինչ արվում է, արվում է մեր երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար, պատերազմի ընթացքում բոլորիս համար տեսանելի, մասնագետների համար` շատ տեսանելի թերությունները շտկելու համար»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռևս 2021–ի ապրիլին ՀՀ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ զինված ուժերի բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել։
Նա ընդգծել էր, որ մեծ ուշադրություն է դարձվելու ռազմարդյունաբերությանը, քանի որ նաև պատերազմի փորձը մեզ ցույց տվեց, որ որոշ դեպքերում և՛ օդում, և՛ ցամաքում կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում։