ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում երեխաների և աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 1563 դեպք։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է կրկին անցնել հեռավար կրթության, Աբովյանը նշեց, որ դպրոցներում ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության, այլև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների վերաբերյալ։
«Միայն Երևանի դպրոցներում ունենք կորոնավիրուսի 1098 դեպք։ Շատ դպրոցներ ունենալով 10 տոկոս և ավելի դեպքեր՝ անցնում են մասնակի հեռավար ուսուցման»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` դպրոցներից ստացված ամենօրյա տեղեկատվության հիման վրա իրականացվում է վերլուծություն և իրավիճակի գնահատում։ Ամեն օր առողջապահության նախարարությունն իրավիճակը քննարկում է ԿԳՄՍ նախարարության հետ։
«Երբ կլինի անհրաժեշտություն հեռավար ուսուցման անցնելու, մենք համապատասխան առաջարկություններով հանդես կգանք»,–նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2811-ով և դարձել 396885: