ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման մասին համաձայնագիրը, նախնական տեղեկություններով, կստորագրվի 2022 թվականի երկրորդ կեսին: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Համաձայնագիրը պետք է ստորագրվեր 2021 թվականի աշնանը, հետաձգվեց մինչև 2022 թվականի փետրվար։ Մայրաքաղաքում կա երկու աղբավայր․ մեկը գտնվում է Աջափնյակ թաղամասում և չի գործում։ Գործում է միայն Նուբարաշենի աղբավայրը։ Հայտնի չէ, թե ինչ վնաս է այն հասցնում տարիներ շարունակ։
«Բնակչության վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտացված ռեսուրսներ և գործիքակազմ, ինչը Երևանի քաղաքապետարանը չունի»,-հայտնում են քաղաքապետարանից:
Զուգահեռաբար ընթանում է Նուբարաշենի նոր աղբավայրի նախագծման, կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի (չգործող) աղբավայրերի փակման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գործընթացը։ Մրցույթի առաջին փուլն ավարտվել է, հայտարարված է երկրորդը, որը կկայանա 2022 թվականի երկրորդ կեսին։
Ինչպիսի՞ն կլինի նոր աղբավայրը
Նոր աղբավայրը կտրուկ տարբերվելու է ներկայում գործողից։ Դրա տարածքում նախատեսվում է կառուցել գրասենյակային, լաբորատոր շինություններ, շահագործման ճանապարհներ, մեքենաների անվադողերի մաքրման կայան, վառելիքի լցակայան։ Ամբողջ տարածքը կցանկապատվի։
«Աղբավայրի շահագործման համար անհրաժեշտ կլինի նաև ձեռք բերել մեքենա-մեխանիզմներ (տոփանիչ, բուլդոզեր, ինքնաթափ և այլն): Նոր աղբավայրի հատակն ամբողջապես ծածկվելու է անջրաթափանց շերտով, որը թույլ չի տա կեղտաջրերի ներթափանցում մայր գրունտ»,-նշվում է քաղաքապետարանի պատասխանում։
Բացի այդ, առաջացած կեղտաջրերը կմաքրվեն հատուկ մաքրման կայանում: Աղբվայրում տեղադրված աղբն օրական կտրվածքով կծածկվի գրունտով՝ բնապահպանական ռիսկերի նվազեցման և դրանց կառավարման նպատակով։
Նախատեսվում է կառուցել նաև գազի կուտակման համար անհրաժեշտ հորեր, խողովակներ, ավելցուկ գազի այրման սարքավորում, ինչպես նաև տեղադրել էլեկտրաէներգիայի ստացման համար անհրաժեշտ գեներատոր` 1.4 ՄՎտ հզորությամբ։
Ի՞նչ է լինելու գործող աղբավայրի հետ
Քաղաքային իշխանությունները նախատեսում են լիովին փակել Նուբարաշենի գործող աղբավայրը, իսկ աղբը օգտահանել։ Դրա համար մոտ երկու տարի կպահանջվի։
Նախագծի արժեքը 26 մլն եվրո է, որից 8 միլիոնը վարկ են վերցնելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, ևս 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկից։ Դրանից բացի 8 միլիոնի դրամաշնորհ կտրամադրի ԵՄ-ն, 2 միլիոնի դրամաշնորհ՝ Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի Արևելյան Եվրոպայի գործընկերությունը:
Նոր աղբավայրը նախատեսված կլինի կենցաղային և շինարարական թափոնների համար։