ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց այն տեղեկությունները, որ ՀՀ–ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կանչվել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչություն։
Նա այդ մասին ասաց խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանի հարցին։
Հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, մասնավորապես նշել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։
«Ալեքսանդր Գրիգորևիչի (Լուկաշենկոյի,–խմբ) հայտարարություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանը։ Մեր խորին համոզմամբ` այս ձևակերպումներն ուղղվածէին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ընդգծեց, որ դեսպանին իրենց մոտ կանչելուց հետո նրան փոխանցել են հայկական կողմի այն համոզմունքները, որ միմյանց մասին երկկողմ հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։ Միրզոյանը նաև նշեց, որ Կոնյուկին հայտնել են` նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնվեն միմյանց շահերը, սուվերենությունը, ինչպես նաև իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա երկու երկրները համագործակցում են։
Միրզոյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, համապատասխան պաշտոնական հայտագրերի դեպքում պատրաստ են տարբեր միջազգային հարթակներում շարունակել հնարավորինս աջակցել Բելառուսին։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Կոնյուկը գնացել է նախարարություն, սակայն չէր մանրամասնել, թե ում հետ է հանդիպել կամ ինչի մասին են զրուցել։
ՀՀ արտգործնախարարությունը երեկ անդրադարձել էր Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։
Նշվել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։
Հավելենք, որ Լուկաշենկոյի հայտարարությունը բավականին բուռն արձագանք է գտել հայ հասարակության շրջանում։ Շատերի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ արձագանքը Բելառուսի նախագահի հայտարարությանը համաչափ չէր։