ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ–ում նախագահելու ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների իրականացումը էական ներդրում կլինի կազմակերպության ամրապնդման գործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։
Դիվանագետը հիշեցրել է, որ այս տարին ՀԱՊԿ-ի համար հոբելյանական է. շուտով կազմակերպությունը կնշի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաև բուն կազմակերպության կազմավորման 20-ամյակը:
«Այդ խորհրդանշական ամսաթվերի հետ կապված նախատեսվում են մի շարք նշանակալի իրադարձություններ և միջոցառումներ։ ՀԱՊԿ–ը մեծ ճանապարհ է անցել, և մենք հանրության դատին արժանապատվորեն ներկայացնելու բան ունենք»,-ասել է Աղասանդյանը։
ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, որոնք հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում, միահամուռ աջակցություն են ստացել մյուս անդամ պետությունների կողմից:
ՀԱՊԿ-ում կարծում են, որ այդ գերակայությունների իրագործումն էական ներդրում կլինի կազմակերպության հետագա զարգացման և ամրապնդման, ներուժի և հնարավորությունների ընդլայնման, միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ընդհանուր ջանքերում՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների և նրանց անվտանգության:
Հիշեցնենք, որ 2021-2022 թվականներին ՀԱՊԿ-ի նախագահությունն անցել է Հայաստանին։ Այս կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: