Շատերն են պատրաստ վերադառնալ հայրենիք և իրենց փորձը փոխանցել երիտասարդներին. Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ, որի ժամանակ խոսել է իր մտահղացումների և առաջիկա ծրագրերի մասին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հասմիկ Պապայանը, որը 32 տարի ապրել է արտերկրում, 2020 թվականին վերադարձել է Հայաստան և ստանձնել Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։
«Սա լավագույնն էր, ինչով կցանկանայի զբաղվել: Սա հնարավորություն է՝ իմ օրինակով ուղղորդելու տեղացի երիտասարդներին, նրանց հասցնելու մեծ բեմեր՝ առավելագույնս օգտագործելով իմ ներուժն ու կարողությունները»,– նշել է Պապյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին (9 փետրվարի, 2022թ). Երևան
Նա մատնանշել է երիտասարդների՝ Հայաստանից դուրս ելույթների անհրաժեշտությունը, ինչպես նաև արտերկրում արդեն իսկ կայացած կատարողների փորձի փոխանակումը հայրենակիցների հետ: Պապյանը նաև հայտնել է, որ նախատեսում է մի ծրագիր՝ ներգրավելու հայ արվեստագետներին: Ըստ նրա, տաղանդավոր շատ գործիչներ պատրաստ են վերադառնալ հայրենիք և իրենց փորձը փոխանցել երիտասարդ կատարողներին՝ նրանց մրցունակ դարձնելով նաև եվրոպական թատրոններում:
Վահրամ Դումանյանն էլ ընդգծել է, որ ուրախ է երգչուհուն հայրենիքում տեսնել ու շեշտել է, որ ինքը Պապյանի արվեստի երկրպագուն է։
«Շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, որպես մտավորականի, ով անտարբեր չէ օրվա իրադարձությունների և հայրենիքի ճակատագրի նկատմամբ»,- ասել է նախարարը:
Լիանա Ալեքսանյանն Իտալիայի առաջատար թատրոններից մեկում կատարել է Տոսկա օպերան
«Մեր ունեցած ռեսուրսներով պատրաստ ենք աջակցելու հայրենանվեր ցանկացած գործունեության»,– նշել է ԿԳՄՍ նախարարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակութային դաշտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները: