ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանը 2020թ.-ի աշնանը բախվել է որպես վարձկաններ օգտագործվող օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների զանգվածային տեղափոխմանը տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում։
«Ընդունվել են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում»,-նշել է Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանային անվտանգության պահպանման գործոն։ Աշխարհում անվտանգության մեխանիզմների հետընթացի ֆոնին կազմակերպությունը, որպես բազմաֆունկցիոնալ կառույց, ուղղված է իր անդամների անվտանգության ապահովմանը։
Ղևոնդյանն ընդգծել է, որ անդամ պետությունները ջանքեր են գործադրում Կազմակերպության ներուժի, ուժերի և միջոցների կատարելագործման ուղղությամբ, ակտիվորեն խորհրդակցություններ են անցկացնում՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական նախաձեռնությունները համակարգելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան զանգվածաբար վարձկաններ էր տեղափոխում ռազմական գործողությունների գոտի։ 2020 թվականի հոկտեմբերին տեղափոխման մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը: