ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի անձնակազմերը և Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հակաօդային պաշտպանության զենիթային ստորաբաժանումների հաշվարկները համատեղ գործողություններ են իրականացրել Հայաստանի պաշտպանության նախարարության հերթափոխների զինծառայողների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Հայաստանի ավիացիայի և ՀՕՊ զորքերի ուժերի և միջոցների հետ համատեղ կատարել են օդային տարածքը խախտողներին նմանակող օդային թիրախների հայտնաբերում ու որսում՝ ապահովելով ռուսական զորամիավորման տեղակայման շրջանում գտնվող օդային սահմանների և ստորաբաժանումների պաշտպանությունն ու օգնություն ցուցաբերելով պայմանական աղետի մեջ հայտնված օդանավերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ հերթապահ հերթափոխի ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են Հայաստանի պետական սահմանի երկայնքով՝ երկու պետությունների հակաօդային պաշտպանության զենիթային և զենիթահրթիռային ստորաբաժանումների համատեղ հերթապահության գոտիներում, 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա, տարբեր արագություններով:
Զենիթահրթիռայինի զինծառայողները խնդիրների կատարման ալգորիթմ են մշակել օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելու համար: Նշանառու օպերատորները գործնականում մշակել են դիտարկումը և կատարել են պայմանական էլեկտրոնային հարձակումներ տարբեր տեսակի օդային թիրախների ուղղությամբ։ Մեխանիկ-վարորդներն իրենց հերթին յուրացրել են սառցակալած ձորակների, ցեխային փոսերի և բլրակների հաղթահարման կարգը բարձրլեռնային ձյունածածկ տեղանքի բարդ պայմաններում: