Էլեկտրական ավտոբուսներ Երևանում. քաղաքապետը հանդիպել է միջազգային գործընկերների հետ

Նոր ավտոբուսներ Երևանում. Արխիվային լուսանկար
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նրա առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել են նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման, մանկապարտեզների հիմնանորոգման և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նաև առանձնացրել է համայնքային պոլիկլինիկաների վերակառուցման ծրագրի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանն էլ իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը:
Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առաջին տեղակալի հետ աշխատանքներ են տարվում եվրոբոնդեր թողարկելու ուղղությամբ, մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվում են հնարավորությունները: Նախաձեռնությունը ոչ միայն կարևոր դերակատարում կունենա քաղաքի տնտեսական զարգացման համար, այլև կարևոր ու գրավիչ գործիք կլինի ներդրողների՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայի համար: