Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը մեր նպատակներից է. Փաշինյան

Վարչապետի խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։ Փաշինյանն այս մասին ասաց` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է հարցի շուրջ առարկայական խոսակցության։
Նա շեշտեց նաև, որ այս հարցի շուրջ քննարկումներից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին որևէ մեկը փորձում է օրակարգ պարտադրել կամ հենց Հայաստանն է ինչ–որ օրակարգից խուսափում։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։