ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երեխաները կորոնավիրուսով են վարակվում հիմնականում մեծահասակներից` ընտանիքի անդամներից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի կլինիկական-վերլուծական աշխատանքի գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան։
«Այժմ մի փոքր աճել է հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում, որոնք վարակվում են հիմնականում ընտանիքում։ Հիվանդանում են բոլոր տարիքի երեխաները, բայց հիվանդությունն առավել արտահայտված է լինում մինչև երկու տարեկան փոքրիկների դեպքում»,– նշել է նա։
Պշենիչնայան նշել է, որ մանկական իմունային համակարգի առանձնահատկությունների պատճառով, որը մեծ մասամբ դեռ հասցրած չի լինում ծանոթանալ անգամ սեզոնային վարակներին, նրանց օրգանիզմն ավելի բուռն է արձագանքում հիվանդությանը:
Բացի այդ, նրա խոսքով, վարակը հաճախ իջնում է բրոնխների ստորին հատվածներ և առաջացնում բրոնխիալ խցանման երևույթներ, որոնք ուղեկցվում են հևոցով, հազով, քթաշուրթային հատվածի ցիանոզով։