ՌԱԴԻՈ

Տեղական արտադրողներն ու դրսից եկող էժան միսը. կգնա՞ն թռչնաֆաբրիկաները ռիսկի

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքներին:
Sputnik
Տեղական արտադրության ընդլայման համար նախադրյալներ ստեղծվել էին դեռևս 2019-20 թթ-ին, երբ կառավարությանը սկսեց աջակցության ծրագրերը։ Թռչնաբուծության ոլորտն այդ ժամանակ սկսեց զարգանալ։
Սակայն դրան զուգահեռ մենք ԵԱՏՄ-ի դրույքաչափերը չպետք է նվազեցնեինք, պետք է աստիճանաբար գնայինք հավասարվեինք և 2022 թ-ին արդեն ԵԱՏՄ դրույքաչափերով աշխատեինք։ Դա ավելի մեծ խթանիչ կլիներ տեղական արտադրողներ համար, քան մնացած օգնությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Ուկրաինայում թռչնագրիպ կա՞. արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Հայաստան
Ըստ նրա՝ շուկայում այդ ժամանակ կստեղծվեր հավասար մրցակցային պայմաններ հատկապես երրորդ երկրների, օրինակ՝ Ուկրաինայի համար։ 3 տարվա ընթացքում Ուկրաինայից ներմուծված թռչնամսի ծավալները անընդհատ սկսեցին գերազանցել Ռուսաստանից կամ Բելառուսից ներկվող ծավալներին և հասանք այնտեղ, որ ամբողջ ներկրված թռչնամսի ծավալի մեջ այժմ ուկրաինականը կազմում է 52-55 տոկոս։

«Նման ցածր գնով ուկրաինական թռչնամիսը մեզ համար ռիսկային էր. Ուկրաինան օգտվում է զրոյական դրույքաչափից և մրցակցային տեսանկյունից մեր արտադրողների համար այս երկրից ներկրված միսը ռիսկային է և՛ մեր արտադրողների համար (մրցակցության առումով), և՛ սպառողների համար՝ առողջության առումով. Ուկրաինան ցածր որակի թռչնամիս է վաճառում՝ հագեցած հակաբիոտիկներով, հորմոններով և այլ վնասակար նյութերով, և դա կրկնակի սառեցված թռչնամիս է, այս պահին ամենաէժանը: Անգամ բրազիլականից»,-ասել է Ստեփանյանը։

Հայկական թռչնաֆաբրիկաներն այսօր ապահվում են հայկական շուկայի 30 տոկոսը՝ օրական մինչև 50 տոննա թարմ պաղեցված թռչնամիս․ վերջին 10 տարում ունեցել ենք 6,8 տոկոս աճ։ Սա, ըստ Ստեփանյանի, նշանակում է, որ տեղական արտադրողներն ունեն ներուժ՝ ապահովելու ամբողջ ներքին շուկան, այն էլ թարմ պաղեցված թչնամսով, սակայն ներկրված ցածրորակ և էժան թռչնամսի հետ մրցակցել չեն կարող։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը կարծում է, որ թռչնամսի տեղական արտադրության ընդլայնման համար նախադրյալներ կան, բայց անհրաժեշտ են լուրջ քայլեր։ Անհրաժեշտ է, որ և՛ նոր ընկերություններ ներգրավվեն, և՛ եղածներն իրենց ամբողջ կարողություններով սկսեն գործել։
Այս պահին մենք օգտագործում ենք մեր կարողությունների մոտ 62 տոկոսը․ խորհրդային ժամանակներից մնացած ֆաբրիկաներ կան, որ չեն աշխատում, որոշները 50 տոկոսով են աշխատում, ներդրումներ անելու դեպքում հնարավոր է 3 ամսվա մեջ 28-30 թռչնանոց գործարկել և ավելացնել ծավալները։

Ամենակարևոր հարցն, ըստ Ստեփանյանի, այն է, թե շուկայի խոշոր խաղացողներն ու մյուս ֆերմաները կգնա՞ն արդյոք թռչնամսի քանակի շեշտակի ավելացման` եթե մրցակցային նման անհավասար պայմաններ են։
Ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում թռչնամսի արտադրությունը գրավիչ կդառնա. նախարար
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս 2021-ի հունվարին հանդիպում էր ունեցել տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ 2022 թվականից Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ աճելու է, ինչը պետք է դիտարկել որպես հնարավորություն հանրապետությունում թռչնաբուծության ոլորտը զարգացնելու համար։
Վահան Քերոբյանը հորդորել էր համատեղ քննարկումների արդյունքում գտնել արդյունավետ միջոցներ թռչնամսի և հավկիթի տեղական արտադրության ծավալներն ավելացնելու և արտահանումը խթանելու համար:
Նախարարը նշել էր՝ տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15000 տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44 000 տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։