ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվեց, ապա որոշում կայացվեց հետաձգել 1 շաբաթով։ Այն նշանակվեց փետրվարի 15-ին։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի սկզբում հայտնեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է դատարանին, որ նախօրեին Կապան քաղաքում մասնակցել է մեկ այլ դատական նիստի, որի աշխատանքները ուշ են վերջացել։ Արդյունքում պաշտպանը չի կարողացել նույն օրը վերադառնալ Երևան, իսկ այսօր վերադառնալիս ծագել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նա հնարավորություն չունի նշանակված ժամին հասնել դատարան և խնդրել է նիստը հետաձգել։
Ընդմիջմանը դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ մեքենայի խափանում է տեղի ունեցել, խնդրել է, որ չսպասենք»,– ասաց Արմեն Գևորգյանը։
Նիստը սկսելու պահին դեռևս դատարան չէր հասել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ճանապարհին է։
Մեղադրող կողմից դատախազ Գևորգ Բաղադասարյանը շեշտեց, որ դատարան ներկայացված հանգամանքները ստուգման որևէ հնարավորություն չեն տալիս, հետևաբար պաշտպանի բացակայության հարգելի լինելու վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնի։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 21-ին էլ նիստը հետաձգվեց, քանի որ Լուսինե Սահակյանն այդ օրը պետք է մեկ այլ դատական նիստի մասնակցեր։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։