«Ուզում եք պատերազմել Ռուսաստանի հե՞տ», – այս հարցը Վլադիմիր Պուտինը տվեց ոչ թե Ֆրանսիայի նախագահին ու ֆրանսիական մամուլին, այլ ընդհանուր առմամբ Արևմուտքին։ Չէ՞ որ Էմանուել Մակրոնը Մոսկվա գնաց այն պահին, երբ «Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա» արշավը հասել էր խելագարության գագաթնակետին, սակայն Ֆրանսիայի նախագահը, բնականաբար, չէր հավատում, որ ռուսական տանկերը պատրաստվում են հարձակվել Կիևի վրա։
Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ վերջին օրերի ընթացքում նա երեք անգամ հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Պարզապես Մակրոնը կարիք չունի միանալու անգլոսաքսոնների բեմադրած ներկայացմանը։ Բայց նա ամենևին էլ դեմ չէ, որ ստեղծված իրավիճակից օգուտ քաղի ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ անձամբ իր համար։ Երկու ամիս հետո նախագահական ընտրություններ են լինելու, և մոսկովյան հաջողված այցն ու ընդհանրապես «Եվրոպայում պատերազմը» կանխելու ջանքերը կօգնեն, որ Մակրոնը երկրորդ անգամ էլ նախագահ ընտրվի։
Հենց այդ պատճառով էլ Կրեմլում Պուտինի հետ զրույցի ամենասկզբում, ավելի ճիշտ` մամուլի համար բաց մասի վերջում, ֆրանսիացի հյուրն օգտագործեց «պատերազմ» բառը։
«Այսօրվա խոսակցությունը կարող է հարթել այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք: Դա ապաէսկալացիան է։ Եվ մենք գիտենք իրավիճակը, ռազմաքաղաքական իրավիճակը, մենք գիտենք ուկրաինական հարցը և տիրապետում ենք հավաքական անվտանգության կարևոր հարցերին ։ Մենք կարող ենք Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար սկսել համատեղ պրակտիկ պատասխաններ մշակել։ Օգտակար, պրակտիկ պատասխաններ, որոնք օգնում են խուսափել պատերազմից, և իհարկե կառուցել կայունություն, թափանցիկություն և վստահություն բոլորի համար»։
Մակրոնը քաջ գիտակցում է, որ պատերազմի որևէ սպառնալիք չկա. իզուր չէր, որ դեռ Մոսկվա այցելելու նախօրեին նա հայտարարեց. «Ռուսաստանի հետ ինտենսիվ երկխոսության և մոսկովյան այցի շնորհիվ մեզ, ամենայն հավանականությամբ, կհաջողվի կանխել «ռուսական ներխուժումը»։ Այնուհետև մենք կքննարկենք լարվածությունը թուլացնելու պայմանները, չէ՞ որ այս պահին Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակը միանշանակ Ուկրաինան չէ, այլ ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի հետ համակեցության կանոնների հստակեցումը»։
Մոսկվայում Ֆրանսիայի նախագահն այդքան անկեղծ չխոսեց, թեև ասուլիսի ժամանակ անընդհատ ընդգծեց, որ կարևոր է պայմանավորվել ընդհանուր անվտանգության շուրջ, կայունություն ապահովելու համար նոր մեխանիզմներ ընտրել, և ասաց, որ Եվրոպան չի կարող իրեն անվտանգ զգալ, եթե Ռուսաստանն իրեն այդպես չի զգում։
Այդ միտքը նրա համար (ինչպես և ցանկացած օբյեկտիվ եվրոպացու) նոր չէ. Մակրոնը բազմաթիվ անգամ է ասել, որ անհնար է եվրոպական անվտանգության համակարգ ստեղծել առանց Ռուսաստանի, առավել ևս` Ռուսաստանի դեմ։
Փարիզն ուզում է ոչ թե Ֆրանսիայի կարգավիճակը բարձրացնել, այլ միացյալ Եվրոպայի, որտեղ նա խաղալու է երկու գլխավոր դերերից մեկը, սակայն դրա համար անհրաժեշտ է ԵՄ–ի ռազմավարական հենց այն ինքնավարությունը, որի մասին ևս անդադար հիշեցնում է Ֆրանսիայի նախագահը։ Ինքնավարություն` միասնական Արևմուտքի շրջանակում, ըստ էության` ատլանտյան, որը սակայն այսօր էլ գոյություն չունի, և հեռանկարն էլ ուրախալի չի թվում։ Հակառակը` Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունների սրացումը հարվածում է եվրոպական հավակնություններին, չէ՞ որ վեճ է գնում անմիջապես անգլոսաքսոնների և ռուսների միջև, և ո՞ւր է այստեղ Եվրոպան։
Ո՛չ, Մոսկվան եվրոպացիներին չի անտեսում։ Պարզապես չի հավատում նրանց։ Թեպետ ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Պուտինի առաջարկների նպատակը հենց եվրոպական գիտակցությունը, սեփական նշանակալիության զգացումը արթնացնելն էր։ Չստացվե՞ց։ Նայած` ինչպես կդիտարկենք. ՆԱՏՕ–ի պատասխանում (ինչպես և ամերիկյանում) չէր էլ կարող մեր պահանջները հաշվի առնելու որևէ ցանկություն լինել։ Չէ՞ որ Պուտինը պատահաբար չէր ասել, որ «մեր կենտրոնական մտահոգությունները, ցավոք, անտեսվել են», սակայն Ֆրանսիան թեև ՆԱՏՕ–ի անդամ է, բայց համաեվրոպական հավակնություններ և աշխարհաքաղաքականության ու անվտանգության մասին սեփական պատկերացումներ ունի։ Այդ պատճառով Պուտինը«Եվրոպայում պատերազմի» թեման վերցրեց և նույնիսկ շարունակեց արդեն ասուլիսի ժամանակ.
«Ուզում եք, որ Ֆրանսիան պատերազմի Ռուսաստանի հե՞տ։ Բայց չէ՞ որ այդպես էլ կլինի։ Դուք հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ, որ եթե Ուկրաինան ՆԱՏՕ–ի կազմում լինի և սկսի ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը, եվրոպական երկրները մեխանիկորեն ռազմական հակամարտության մեջ կներքաշվեն Ռուսաստանի հետ ։ Հաղթողներ չեն լինի։ Եվ դուք այդ հակամարտության մեջ ձեր կամքից հակառակ կներքաշվեք։ Դուք նույնիսկ չեք հասցնի աչք թարթել, երբ կկատարեք Հռոմի պայմանագրի հինգերորդ կետը»։
Ամեն ինչ հստակ է. աջակցելով ագլոսանքսոններին, որոնք չեն ցանկանում ՌԴ–ին երաշխիքներ տալ, որ Ուկրաինան չի ընդգրկվի ՆԱՏՕ–ի կազմում, դուք չեք բացառում Ռուսաստանի հետ պատերազմի հնարավորությունը։ Իսկ դա դա ձեզ պե՞տք է։ Ֆրանսիացիներին, գերմանացիներին, իտալացիներին և մյուս եվրոպացիներին հաստատ` ոչ։ Առավել ևս, որ եվրոպացիներից շատերը լավ հասկանում են, որ ուկրաինական խաղաքարտը ոչ միայն Ռուսաստանի դեմ է խաղարկվում, այլև նույն Եվրոպայի։ Մեծ ռազմավար պետք չէ լինել հասկանալու համար, թե ով և ինչպես է հերթական անգամ եվրոպական երկրներին ու Ռուսաստանին իրար դեմ սրում։ Եվ ինչու է դա արվում։
Մոսկվան Արևմուտքից հենց այնպես չի պահանջում հրաժարվել Ուկրաինայից, հրաժարվել նույնիսկ դրա ատլանտացման ծրագրերից, այլ այն պատճառով, որ չի պատրաստվում թույլ տալ իր պատմական տարածքի մի մասից մշտական սպառնալիք ստեղծել իր համար: Ոչ ոք չգիտի, թե դեռ որքան երկար է գոյություն ունենալու միասնական Արևմուտքը, որքան երկար են անգլոսաքսոնները կարողանալու որոշել նրա քաղաքականությունն ու նպատակները, գուցե առաջիկա մի քանի տասնամյակ այն այդպես էլ ինքնորոշման կամք և ուժ իր մեջ չի գտնի։ Բայց գուցե ֆրանկո–գերմանական Եվրոպան արդեն միջնաժամկետ հեռանկարում իսկապես կանգնի սկզբում ռազմավարական ինքնավարություն, այնուհետև իրական ինքնուրույնություն ձեռք բերելու ճանապարհին։ Ինչին անհնար է հասնել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, չէ՞ որ հենց այդ հակամարտությունն է օգտագործվում աշխարհաքաղաքական առումով Հին աշխարհի անինքնուրույնությունը պահպանելու համար։
Սակայն Ռուսաստանը մտադիր չէ սեփական ազգային շահերը, իր կենսական կարևորության նպատակները կախվածության մեջ դնել եվրոպական կասկածներից. Ուկրաինայի հարցը պետք է լուծվի առաջիկա հեռանկարում` ՆԱՏՕ–ի կազմում ընդգրկելու հնարավորությունից միանշանակ հրաժարվելու միջոցով։ Եվրոպան ցանկանում է պահպանել իր անվտանգությունը։ Դրանից ավելի հեշտ բան չկա. պետք չէ սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը։ Առավել ևս ժողովրդի ժամանակավոր բաժանման վրա խաղալով, ընդ որում` ոչ թե խաղալով, այլ ուրիշի խաղին աջակցելով։
Պուտինը ցանկանում էր Եվրոպայի ու Մակրոնի մեջ (որպես նրա ներկայացուցիչ) ոչ թե հարգանք արթնացնել Ռուսաստանի շահերի նկատմամբ (որի անհրաժեշտության մասին մշտապես խոսում է Ֆրանսիայի նախագահը), այլ պատասխանատվության զգացում սեփական եվրոպական ապագայի համար։ Առաջիկայում պարզ կդառնա` ստացվեց, թե ոչ։