Նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության ընդլայնման համար․ ՄՊՀ

Հավի միս. Արխիվային լուսանկար
ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ հավի մսի ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան:

«Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ»,- նշում են ՄՊՀ-ից :

Ըստ ուսումնասիրության՝ 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68 տոկոսից կազմելով 37 տոկոս:
Ավելացել է նաև հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսավարող, 2020 թվականին՝ 66:
2015-2020 թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, այնուամենայնիվ հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30 տոկոս:
Դիտարկում ենք իրանական դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունը. Ավանեսյան
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030 թվականին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրությունն իրականացրել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ: