«Մածուն» մակնշմամբ կաթնամթերքը չի կարող արտահանվել Վրաստանի տարածքով. ինչ լուծում է տրվել

Խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. նա լուսանկար էր հրապարակել, որտեղ հայկական կաթնամթերք արտադրողներից մեկը դեպի ՌԴ արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել «մացոնի»–ն։
Խնդրին Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա գրառմանը կից լուսանկար էր հրապարակել, որտեղ հայկական կաթնամթերք արտադրողներից մեկը դեպի ՌԴ արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։
Sputnik Արմենիան հարցի շուրջ զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանի հետ։
«Վրաստանում «մացոնի»–ն որպես աշխարհագրական նշում գրանցված է դեռևս 2012 թվականից, չնայած նրան, որ մեր գրասենյակը մինչ այդ առարկություն էր ներկայացրել դրա դեմ` հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Ներկայացված առարկությունը հաշվի չառնվեց, ու այնուամենայնիվ գրանցվեց։ Այժմ էլ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել կաթնամթերքի հայ արտադրողների համար` որպես տարանցիկ երկիր, մեր մածունը, հենց այդ մակնշմամբ, Վրաստանով արտահանելու համար»,– ասաց Համբարյանը։
Նա նշեց՝ երբ Վրաստանով Հայաստանից արտահանվում է հայկական արտադրության մածունը, վրացական կողմի մաքսային ծառայության աշխատակիցներն ըստ օրենքի իրավունք ունեն այդ բեռները ստուգել։ «Մածուն» մակնշմամբ մածուն լինելու դեպքում նրանք կարող են կանգնեցնել ու թույլ չտալ մուտքն իրենց երկիր և դեպի այլ երկրներ։
Ինչպես ավելացնել արտահանումների ծավալը դեպի Չինաստան. Քերոբյանը խոսել է գործարարների հետ
Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով` արդեն իսկ վրացական կողմի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորվածություն ունի` քննարկելու այս հարցը և համաձայնագիր կնքելու` աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման ու պահպանության մասին։ Համաձայնագրի դրույթները և 2 երկրում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ Նախատեսվում է հարցին իրավական լուծում տալ, համաձայնագիրն էլ կնքել 5 տարով։
«Մենք պետք է Վրաստանի հետ պայմանավորվենք, որ իրենց «մացոնի»–ն կարող է մեր տարածք ներմուծվել, այսինքն խնդիր չենք ստեղծում իրենց համար, իսկ մեր «մածուն»–ը` իրենց մոտ է արտահանվում ու իրենք էլ թույլ են տալիս վաճառել այն և՛ իրենց երկրում, և՛ որպես տարանցիկ երկիր արտահանել այլ պետություններ»,– նշեց Համբարյանը։
Նա ընդգծեց, որ մինչև անցած տարի Վրաստանը խնդիրներ չի ստեղծել, ամեն ինչ սկսվել է 2021 թվականից, քանի որ սկսել են ավելի հետևողական մոտենալ իրենց երկրում գրանցված բոլոր աշխարհագրական նշումներին։
Նշենք, որ նման խնդիր կա նաև Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում։ 2021 թվականին ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո էր առաջարկել «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։
Նախորդ տարվա հունիսի 10-ի կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը։ Այն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Այդ նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։
Աշխարհագրական անվանումների պաշտպանությունն ապահովում է Լիսաբոնի համաձայնագիրը, որը կնքվել է 1958թ․-ին և մի քանի անգամ վերանայվել է։ Այն նախաձեռնել են եվրոպական երկրները, որտեղ Եվրամիությանը նախորդող մարմինները որոշել էին ապրանքների պաշտպանության ընդհանուր քաղաքականություն մշակել։