ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպման տևողությունը՝ նշելով, որ նրանց միջև բովանդակալից հարաբերություններ են ստեղծվել, իսկ իրավիճակն արտակարգ է և հենց այդպիսի բանակցություններ է պահանջում:
«Այո, Կրեմլում պատրաստ էին դրան։ Նախևառաջ, Պուտինի և Մակրոնի միջև խիստ կառուցողական և բովանդակալից հարաբերություններ են ձևավորվել, որոնք նրանց թույլ են տալիս շատ ժամանակ անցկացնել միմյանց հետ։ Բացի այդ, իրավիճակն իսկապես բավականին արտակարգ է, և այդպիսի մանրամասն խոսակցություններ է պահանջում։ Ուստի այո՛, մենք իսկապես ենթադրում էինք, որ կարող է ձգձգվել, հատկապես, որ պարոն Մակրոնը որոշել էր Կիև մեկնելուց առաջ գիշերել Մոսկվայում»,-ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում պատրաստ էին այդքան ձգձգված խոսակցության։
Ինչո՞ւ չգիշերեց Կրեմլում
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Մակրոնը չի գիշերել Կրեմլում, Պեսկովը պատասխանել է, որ դա հյուրերի ընտրությունն է եղել։
«Եթե չեմ սխալվում, Կրեմլում հիմա կա՛մ վերանորոգում է, կա՛մ ինչ-որ ուրիշ բան։ Ես չգիտեմ՝ վերանորոգումն ավարտվել է, թե ոչ, բայց հյուրերի մեծ մասն ամեն դեպքում գերադասում են հյուրանոցում ապրել, քանի որ Կրեմլում չի կարող ամբողջ բազմանդամ պատվիրակությունը տեղավորվել՝ հասկանալի պատճառներով։ Իսկ հյուրանոցը թույլ է տալիս բոլորին նույն հատվածում ապրել»,-պարզաբանել է նա։
Խոսելով այն մասին, թե ինչով են Ֆրանսիայի նախագահին հյուրասիրել Կրեմլում, Պեսկովը նշել է, որ մատուցվում են ռուսական խոհանոցի կերակրատեսակներ և ռուսական գինիներ։
Պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ են նախագահները զրուցել մամուլի ասուլիսից հետո, Պեսկովը պատասխանել է․ «Մոտ 20 րոպե ևս խոսել են։ Ամենաքիչը»։
«Դիմացի՛ր, գեղեցկուհիս․․․»
Կրեմլի ներկայացուցիչը նաև բացատրել է Վլադիմիր Պուտինի խոսքերը («քեզ դու գալիս է, թե դուր չի գալիս՝ դիմացի՛ր, գեղեցկուհիս»), որոնք նախագահն ասել է Կիևի և Մինսկի համաձայնագրերի վեաբերյալ։
«Նախագահը նկատի է ունեցել, որ եթե պետությունը պարտավորություններ է ստանձնել և եթե երկրի ղեկավարի ստորագրությունն է դրված, ապա այդ պարտավորությունները պետք է կատարել»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը հերքել է լրագրողների այն վարկածը, որ տվյալ դեպքում Պուտինը մեջբերել է «Красная плесень» խմբի երգերից մեկի խոսքերը՝ ասելով, որ Վլադիմիր Պուտինը ծանոթ չէ այդ խմբի ստեղծագործություններին, դա ռուսական բանահյուսությունից ինչ-որ միտք է:
«Ժամացույցների ստուգում»
Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը նախատեսում են մոտ ժամանակներս շփվել հեռախոսազանգով՝ «ժամացույցները ստուգելու» համար։
Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել ցանկացած մեկի հետ, որպեսզի քանդի Ուկրաինայի հետ իրավիճակի «գորդյան հանգույցը»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, ապա «ապրիորի, իհարկե, ոչ ոք դրանից չի հրաժարվում, եթե այդ հանդիպումն իսկապես կօգնի»։ Սակայն Կրեմլում առայժմ չեն հասկանում, թե ինչ հարցեր կարող են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանի զորքերը զորավարժությունների ավարտից հետո կհեռանան Բելառուսից։ Պեսկովը հայտարարել է, որ երբեք խոսք չի եղել այն մասին, որ նրանք կարող են մնալ այնտեղ։
Երկուշաբթի Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները, առաջնորդները զրուցել են ավելի քան 5 ժամ։ Երեքշաբթի Ֆրանսիայի առաջնորդը ուղևորվել Է Կիև, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: