ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում այսօր պայքարի դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ դահուկավազորդ Կատյա Գալստյանը և, արագավազքում (սպրինտ) գրանցելով 4:00.48 արդյունքը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
Մրցմանը 90 դահուկորդ էր մասնակցում, Գալստյանը ելույթն ավարտեց 80-րդ տեղում։
Առաջինը եզրագիծը հատեց Շվեդիայի ներկայացուցիչ Յոննա Սանդլինգը:
Կատյա Գալստյանը մրցուղի դուրս կգա նաև փետրվարի 10-ին և ելույթ կունենա 10 կմ դասական ոճում:
Հիշեցնենք` Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացավ փետրվարի 4-ին, մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Սակայն լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և նա չի մեկնել Պեկին։