Իսկ ո՞վ ասաց, որ ինչ–որ տեղ գնում ենք. Ռուբինյանը` Թուրքիայից ստացված հրավերի մասին

Ռուբեն Ռուբինյանը խոստացավ որոշում կայացնելուց հետո այդ մասին առաջինը տեղեկացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում նախանշված Անթալիայի համաժողովին հրավիրված չէ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս պահի դրությամբ ես և պարոն Միրզոյանն ենք հրավիրված նշված միջոցառմանը, և, ինչպես բազմիցս ասել ենք, իրոք որոշում կայացված չէ։ Ինչը նշանակում է` կարող է գնանք, կարող է` չգնանք»,– ասաց Ռուբինյանը` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին խոստանալով առաջինը տեղեկացնել որոշում կայացնելուց հետո։
«Կզանգեմ, Ձեզ կասեմ»,– ասաց նա։
Թուրքական սիրալիրությունը շատ արագ կարող է վերադառնալ բայրաքթարային տրամաբանության շրջանակ
Նշենք, որ Ռուբինյանն այս կերպ արձագանքեց Մանուկյանի այն դիտարկմանը, թե Հայաստանի` հստակ դիրքորոշում չարտահայտելու «դիվանագիտական խաղերը» Թուրքիան արդեն միջազգային հարթակներում ընդդեմ Հայաստանի է օգտագործում։

«Ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը։ Ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց»,– ասաց Մանուկյանը։

Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց. «Ես չեմ հասկանում ձեր բարձրացրած հարցը, որ ասում եք` ուր եք գնում։ Իսկ ո՞վ է ասաց, որ ինչ–որ տեղ գնում ենք»։
Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը` ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք ի դիվանագիտական 2-րդ ֆորումին Հայաստանից մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։